«Արա, պա ստի պեն կինի՞»-ն արցախյան բարբառներով բեմադրված թատերական ներկայացում է, որն ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով։
2020 և 2023թթ․ պատերազմներից և Արցախի ամբողջական տեղահանումից հետո Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը հայտնվեց կորստի վտանգի առջև։ Գիտակցելով այս սպառնալիքը՝ «Դիզակ Արտ»-ը նախաձեռնել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» նախագծով «Արա, պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացման բեմադրությունը։
Ալ․ Մանասյանի ստեղծագործության հիման վրա «Դիզակ Արտ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանի բեմադրած այս ներկայացումը կենդանի է պահում արցախյան բարբառները, սովորույթները և ավանդույթները։
Բեմականացման ընթացքում հնչող բարբառային խոսքը, ժողովրդական խաղերը, առած-ասացվածքները և ավանդական ծեսերը դառնում են մեր ինքնության պահպանման գործիքներ։ Իսկ Արցախյան մոտիվներով հագուստն ու ձևավորումը հանդիսատեսին հնարավորություն են տալիս վերապրել Արցախի ոգին և մտովի տեղափոխվել Արցախ։